Հայ Armenia Eng English Рус Russia
Գլխավոր էջ Կառուցվածք Օրենսդրություն Մեր մասին
ՀՀ ԱՍՀՆ
Հարց ու պատասխան
Պատմական ակնարկ
Հետադարձ կապ
Հղումներ

Հարց ու պատասխան

Հ.
Ո՞վքեր են անձին ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության:
Պ.
Համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն` անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում):
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետ

Հ.
Ի՞նչ նպատակով է անձը ուղեգրվում բժշկասոցիալական փորձաքննության:
Պ.
Հաշմանդամության սահմանման, աշխատունակության կորստի տոկոսի սահմանման կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետների երկարաձգման նպատակով:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 9-րդ կետեր

Հ.
Ինչի՞ հիման վրա է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը:
Պ.
Հանձնաժողովի նախագահին ներկայացված` անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը (088 ձև):
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ

Հ.
Ի՞նչ նպատակով է իրականացվում բժշկասոցիալական փորձաքննություն:
Պ.
Անձին հաշմանդամ ճանաչելու` ,,հաշմանդամ երեխա՚,, կարգավիճակ և հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու և հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետի երկարացման թույլտվություն տալու:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետ

Հ.
Ովքե՞ր են անձին հաշմանդամ ճանաչում:
Պ.
Միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կառուցվածքային ստորաբաժանումները (փորձաքննական բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին) և տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները` ԲՍՓՀ-ներ:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետ

Հ.
Ինչպե՞ս է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը, եթե անձն իր առողջական վիճակից ելնելով չի կարող ներկայանալ տարածքային մարմին:
Պ.
Հանձնաժողովը անձի բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում, եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը դրա մասին նշել է դիմումում` ներկայացնելով հեռակա կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր:    
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ

Հ.
Ո՞ր դեպքերում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն իրավասություն ունի անձին լրացուցիչ հետազոտման ուղեգրելու:
Պ.
ա) ախտորոշման ճշտման, բ) հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, գ) ներկայացված բժշկական հիմքերի հավաստիությունը ճշտելու, դ) ինչպես նաև անհրաժեշտ կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետ

Հ.
Ե՞րբ է անձի հաշմանդամության սահմանման սկիզբ համարվում:
Պ.
Հանձնաժողովում անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրը:     Անձը համարվում է հաշմանդամ մինչև բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետ

Հ.
Ո՞ր դեպքերում է սահմանվում հաշմանդամություն:
Պ.
Երբ առկա է հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերում է կենսագործունեության որևէ տեսակի և որևէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ

Հ.
Հաշմանդամության ի՞նչ խումբ Է սահմանվում 18 տարին լրացած հաշմանդամ ճանաչված անձին:
Պ.
Հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ, ելնելով առկա հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարումների հետևանքով առաջացած կենսագործունեության սահմանափակման տեսակից կամ աստիճանից:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետ

Հ.
Ո՞ր դեպքում են հաշմանդամության առաջացման պատճառը սահմանում ընդհանուր հիվանդությամբ:
Պ.
ա) երբ բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն պատճառական կապը հաստատող փաստերը, բ) երբ բացակայում են հաշմանդամության առաջացման այլ պատճառների մասին տվյալները:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետ

Հ.
Ե՞րբ և ի՞նչ կարգով է իրականացվում անձի բժշկասոցիալական վերափորձաքննությունը:
Պ.
ա) անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` հաշմանդամության խմբի կամ ,,հաշմանդամ երեխա,, կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու կամ անձի առողջական վիճակը վատթարանալու դեպքում բ) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ` փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում գ) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետ

Հ.
Ինչ՞ կարգով են բողոքարկվում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից ընդունված որոշումները:
Պ.
Ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետ

Հ.
Որո՞նք են անձի կենսագործունեության սահմանափակման տեսակները:
Պ.
ա) ինքնասպասարկման` ամենօրյա անձնական հիգիենան ու կենցաղային գործունեությունն ինքնուրույն բավարարելու կարողություն, բ) ինքնուրույն տեղաշարժվելու` ինքնուրույն տարածության մեջ տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, մարմնի հավասարակշռությունը պահելու, տեղաշարժվելու կարողություն, գ) ուսումնառության՝ հանրակրթական, մասնագիտական և այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության կարողություն, դ) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն ե)կողմնորոշվելու (ժամանակի ևտարածության մեջ) կարողություն, զ հաղորդակցվելու կարողություն, է) սեփական վարքը հսկելու կարողություն, ը) խաղալու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան)
Հիմք 
ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 3 կետ

Հ.
Ի՞նչ ժամկետով է սահմանվում հաշմանդամության խումբ կամ ,,հաշմանդամ երեխա,, կարգավիճակ:
Պ.
- I խմբի հաշմանդամությունը` երկու տարի ժամկետով, - II և III խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, - ,,հաշմանդամ երեխա,, կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը
Հիմք 
ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 30 կետ

Հ.
Ո՞ր դեպքերում է տրվում ,,հաշմանդամ երեխա,, կարգավիճակ:
Պ.
Եթե մինչև 18 տարեկան երեխայի մոտ առկա է կենսագործունեության ցանկացած տեսակի և արտահայտվածության աստիճանի սահմանափակում:
Հիմք 
ՀՀ կառ-ն 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 29 կետ

Հ.
Ո՞ր դեպքերում է հաշմանդամության խումբը սահմանվում անժամկետ:
Պ.
ա) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, բ) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում) դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում
Հիմք 
ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 31 կետ

Հ.
Որո՞նք են հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները:
Պ.
1- հաշմանդամության - I խումբ` կենսագործունեության որևէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (բացի աշխատանքային և ուսումնառության կարողություններից), 2- հաշմանդամության II խումբ` կենսագործունեության որևէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (ուսումնառության 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները (բացառությամբ սովորողների), եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների հետ), 3- հաշմանդամության III խումբ` կենսագործունեության որևէ տեսակներից մեկի 1-ին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը, եթե դրանք զուգուդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների հետ):
Հիմք 
ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 26, 27, 28 կետեր

Հ.
Ինչպե՞ս են ընդունվում անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության որևէ խումբ սահմանելու որոշումները:
Պ.
ՀՀ կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից, հիմք ընդունելով անձի օբյեկտիվ զննումն ու բժշկական հետազոտման արդյունքները:
Հիմք 
,,ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին,, ՀՀ օրենքի 62-րդ հոդված

Հ.
Կարո՞ղ է արդյոք անձը վարչական դատարան դիմելուց հետո վերափորձաքննության նպատակով կրկին դիմել է տարածքային մարմին:
Պ.
Եթե աձը դիմել է ՀՀ վարչական դատարան և նրա հայցն ընդդեմ ՀՀ ԲՍՓ գործակալության մերժվել է, ապա նա չի կարող նորից վերադասության կարգով բողոք ներկայացնել և կրկին անգամ ենթարկվել վերափորձաքննության, քանի որ միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտի առկայության դեպքում վարչական վարույթը կարճվում է:
Հիմք 
,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,,ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի ,,գ,, կետ

Հ.
Ե՞րբ է սահմանվում մահվան պատճառական կապը:
Պ.
Երբ մահվան պատճառ են հանդիսացել արտադրական խեղումը, մասնագիտական հիվանդությունը, ռազմաճակատում գտնվելու կամ զինվորական ծառայության ժամանակ տարած հիվանդությունը, կրած վնասվածքը, խեղումը կամ դրանց անմիջական բարդությունը, խորացումը:
Հիմք 
ՀՀ կառավարության 23.09.04թ. թիվ 1456-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետ

Հ.
Ի՞նչն է հիմք հանդիսանում հաշմանդամության այլ /ավելի ցածր/ խումբ սահմանելու կամ հաշմանդամ չճանաչելու համար:
Պ.
Քանի որ օրգանիզմի ֆունկցիայի շատ խանգարումներ ենթակա են շտկման ,,հաշմանդամություն,, հասկացությունը սահմանվում է որպես փոփոխման ենթարկվող հասկացություն: Ժամանակի ընթացքում հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի համապատասխան արդյունավետ իրականացված միջոցառումները (բուժում, վերականգնում, հոգեբանական օգնություն) կարող են առաջ բերել հաշմանդամություն առաջացնող ֆունկցիայի խանգարման փոխհատուցում կամ իսպառ վերացում, որի արդյունքում սահմանված հաշմանդամության խումբը կարող է իջնել կամ հաշմանդամություն չսահմանվել:
Հիմք 
Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա

Հ.
Ե՞րբ կարող է քաղաքացին վարչական բողոք ներկայացնել:
Պ.
Վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից (բժշկասոցիալական փորձաքննական որոշում ընդունելու օրվանից) 6 ամսվա ընթացքում:
Հիմք 
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,,ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի

Հ.
Ի՞նչ որոշում է ընդունում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը, եթե փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին պատշաճ ձևով իրազեկված անձը չի ներկայացել բժշկասոցիալական փորձաքննության:
Պ.
Վարչական վարույթը կասեցվում է մինչև 60 օր ժամկետով: Նշված ժամկետում կասեցման հիմքերի վերանալու դեպքում վարույթը վերսկսվում է, իսկ նշված ժամկետում կասեցման հիմքերի չվերանալու դեպքում վարույթը կարճվում է:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետ

Հ.
Ի՞նչ տվյալներ պետք է ընդգրկի անձի բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը:
Պ.
Քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի վերաբերյալ տվյալները (օբյեկտիվ, գործիքային և լաբորատոր)` նշելով ֆունկցիայի խանգարման աստիճանը:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետ

Հ.
ՈՒ՞մ անունով է դիմում ներկայացնում փորձաքննվող կամ վերափորձաքննվող անձը:
Պ.
Հաշվառման կամ փաստացի բնակության վայրը սպասարկող հանձնաժողովի նախագահի անունով:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ

Հ.
Ի՞նչպես է անձին կամ նրա օրինական ներկայացուցչին տեղեկացվում բժշկասոցիալական փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին:
Պ.
Հանձնաժողովի նախագահը ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու համապատասխան բժշկական փաստաթղթերը, հավաստիանալով փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ` անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցում է փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետ

Հ.
ի՞նչ ժամանակահատվածում է հանձնաժողովն ընդունում բժշկասոցիալական փորձաքննական որոշում:
Պ.
Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը (բողոքը) մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետ

Հ.
Արդյո՞ք զինծառայողը ճանաչվում է հաշմանդամ, եթե նա ազատվում է զինծառայությունից հիվանդության կամ վնասվածքի պատճառով:
Պ.
Զինծառայողը հաշմանդամ է ճանաչվում, եթե զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությամբ կամ վնասվածքով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներն առաջացրել են կենսագործունեության որևէ տեսակի և որևէ աստիճանի սահմանափակում և սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:
Հիմք 
,,Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին,, ՀՀ օրենքի 13 հոդված

Հ.
Ո՞ր դեպքերում է որոշվում անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը:
Պ.
Աշխատանքային խեղման և մասնագիտական հիվանդության հետ կապված դեպքերում:
Հիմք 
ՀՀ կառավարության 14.11.02թ. թիվ 1822 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետ

Հ.
Ե՞րբ և ու՞մ կողմից է կազմվում հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ):
Պ.
Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում, նույն օրը:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետ

Հ.
Ի՞նչպես է բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշվում հաշմանդամության պատճառական կապը, եթե հաշմանդամության առաջացման պատճառները մեկից ավել են և ի՞նչպես է այն փոխվում:
Պ.
Հաշմանդամության պատճառական կապը նշվում է անձի ընտրությամբ: Հաշմանդամության նոր պատճառի վերաբերյալ դիմումի և համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` պատճառական կապը փոփոխվում է բժշկասոցիալական վերափորձաքննությամբ:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետ

Հ.
Ի՞նչպես են վերադասության կարգով վերանայվում հանձնաժողովի ընդունած բժշկասոցիալական փորձաքննական որոշումները:
Պ.
Գործակալության պետի հանձնարարությամբ` օրենքով սահմանված կարգով:
Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետ

Հ.
Ի՞նչ է հաշմանդամությունը:
Պ.
Հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարություն, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության.
Հիմք 
ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետ

Հ.
Ի՞նչ է հաշմանդամի վերականգնումը:
Պ.
Բժշկական, հոգեբանական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ՝ ուղղված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորության սահմաններում առավել լիակատար փոխհատուցմանը: Վերականգնման նպատակը հաշմանդամի սոցիալական վիճակի վերականգնումն է, սոցիալական հարմարեցումը և նյութական անկախությունը:
Հիմք 
ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետ

Հ.
Ի՞նչ է անձի կենսագործունեության սահմանափակումը:
Պ.
Անձի ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար՝ նաև խաղալու) կարողությունների կամ հնարավորությունների լրիվ կամ մասնակի կորուստ (ներառյալ՝ վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների օգտագործմամբ տեղաշարժվելը, տեսնելը, լսելը և (կամ) խոսելը).
Հիմք 
,,ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդված

էջի սկիզբ