Հայ Armenia Eng English
Գլխավոր էջ Կառուցվածք Օրենսդրություն Մեր մասին
ՀՀ ԱՍՀՆ
Հարց ու պատասխան
Պատմական ակնարկ
Հետադարձ կապ
Հղումներ

Աշխատանքային քննարկում հասարակական կազմակերպությունների հետ

    Սույն թվականի օգոստոսի 3-ին ժամը 12.00-15.00-ն <<Կոնգրես>> հյուրանոցի մեծ դահլիճում կայացավ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում տիրող իրավիճակի, հաշմանդամության սահմանման, անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման, հաշմանդամի վերականգնման գործընթացների քննարկմանը նվիրված կլոր սեղան, որը կրում էր <<Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը Հայաստանի Հանրապետությունում>> վերտառությունը:
     Քննարկմանը մասնակցում էին հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող 36 հասարակական կազմակերպությունների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության, հասարակության հետ կապերի բաժնի, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ընդհանուր թվով 92 ներկայացուցիչներ:
     Հանդիպումը նպատակ ուներ հանրության ուշադրությանը ներկայացնել լիարժեք տեղեկատվություն ՀՀ բնակչության խոցելի խմբերից հաշմանդամների հետ առնչվող բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի, հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշների, անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կարգի, հաշմանդամի վերականգնման գործընթացի վերաբերյալ, քննարկել նշված հարցերի հետ կապված օրենսդրական պահանջները:
     Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԲՍՓ գործակալության պետ պարոն Մ. Վանյանը:
     Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը, վերականգնողական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գ. Ղարիբյանը, մեթոդական օգնության և վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Հայրապետյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
     Բարձրացված հարցերի շուրջ ծավալվեց բուռն և ակտիվ քննարկում, ներկայացվեցին կարծիքներ և առաջակություններ:
     Հասարակական կազմակերպությունների շատ ներկայացուցիչներ ողջունեցին կլոր սեղանի կազմակերպման գաղափարը, հույս հայտնելով, որ հանդիպումը, որպես համագործակցության միջոց, կօգնի էլ ավելի բարձրացնել մեր հասարակության իրազեկվածությունը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի պահանջների մասին, վերացնելով այն բոլոր բարդություններն ու խոչնդոտները, որոնք առաջանում են մեր հասարակության կողմից օրենսդրության թերի իրազեկվածության կամ ընդհանրապես իրազեկված չլինելու պատճառով:
     Նշվեց նաև, որ նման հանդիպումները պետք է կրեն շարունակական բնույթ և նպաստեն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում տեղի ունեցող օրենսդրական դաշտի փոփոխությունների վերաբերյալ հասարակությանը ժամանակին իրազեկելուն:

 

 

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ԲՍՓ գործակալության 01.01.10 – 30.06.10թթ ժամանակահատվածում կատարած աշխատանքների մասին

    ՀՀ ԲՍՓ գործակալության տարածքային մարմինների կողմից հաշվետու ժամանակահատվածում փորձաքննվել է 38401 անձ, որից կրկնակի` 29150, առաջնակի` 9251, հաշմանդամ է ճանաչվել 37299 անձ, հաշմանդամ են ճանաչվել առաջին անգամ փորձաքննվածների 93%-ը, վերափորձաքննվածների` 97,1%-ը: Վերաքննության արդյունքում փորձաքննվածների 2,9%-ը հաշմանդամ չի ճանաչվել:
     Գործակալությանում փորձաքննվել է 2120 անձ, որից հսկողական կարգով վերափորձաքննվել է 21 ԲՍՓ գործ, արդյունքում 13 որոշում փոփոխվել է, բողոքարկման կարգով փորձաքննվել է 168 անձ, 6 որոշում փոփոխվել է: Այսինքն բողոքարկման կարգով փորձաքննվել են ընդհանուր փորձաքննվածների 0,5%-ը:
     Մարզերի բնակչության համար նեղ մասնագիտական փորձաքննությունը մատչելի դարձնելու նպատակով ՀՀ ԲՍՓ գործակալության մասնագետներն իրականացրել են 68 այց: Իրականացվել է 1931 խորհրդատվական փորձաքննություն, որից արտագնա` 697, իսկ տեղում` 1234: Փորձաքննական գործընթացի հստակեցման նպատակով ՀՀ ԲՍՓ գրրծակալության մասնագետներն իրականացրել են 20 այց ՀՀ առողջապահական հաստատություններ, ևս 25-ը` ՀՀ կալանավայրեր:
     Գործակալության համապատասխան բաժնի կողմից յուրաքանչյուր ամիս հավաքագրվել, քննարկվել, ճշտգրտվել, ամփոփվել և ՀՀ ԱՍՀՆ կայքում տեղադրվել են կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների տվյալ ամսվա աշխատանքային գործունեության ցուցանիշները:
     Հաշվետու ժանակահատվածում 25 տարածքային մարմիններից և 3 բաժիններից ընդունվել է տարեկան և 2-րդ կիսամյակի կիսամյակային 54 հաշվետվություն:
     Հաշմանդամության կանխարգելման ծրագրերին աջակցելու նպատակով, 2009թ. տարեկան հաշվետվության վերլուծության արդյունքում, ըստ ՀՀ մարզերի կազմվել և ՀՀ ԱՆ է ներկայացվել առաջնակի հաշմանդամության բերող հիմնական հիվանդությունների, հաշմանդամության վիճակի և շարժի ուսումնասիրման արդյունքները, որոնք ըստ իս, արժանի են ուշադրության:
     Ըստ վերլուծության արդյունքների, հաշմանդամության հանգեցնող հիմնական հիվանդությունների վեց խմբի բաժին է ընկնում հաշմանդամության 75,9%: Դրանք են` արյան շրջանառության հիվանդությունները` 38,5%, նորագոյացությունները` 16.9%, էնդոկրին համակարգի հիվանդությունները` 8,6%, հոգեկան և վարքի խանգարումները` 5,2%, նյարդային համակարգի հիվանդությունները` 3,7%, վարակային հիվանդությունները` 3.3%:
     Գործակալության կողմից «հաշմանդամների մասնագիտական վերականգնողական ծրագրերի շրջանակում» հաշմանդամի ԲՈՒՀ սովորելու և տվյալ մասնագիտությամբ հետագա աշխատանքը հակացուցված չլինելու մասին երաշխավորագիր է տրվել 46 հաշմանդամ-դիմորդի: Բաժնի գլխավոր մասնագետներն աշխատանքային խմբի կազմում մասնակցել են 3 ԲՍՓՀ-ներում իրականացված անհատական վերականգնողական ծրագրերի մշակման, աշխատանքային երաշխավորագրերի կազման ուսումնասիրմանը:
     ՀՀ ԲՍՓ գործակալությունը մասնակցել է հաշմանդամների հանրապետական շտեմարանի համալրման և թարմացման աշխատանքներին, յուրաքանչյուր ամիս <<Նորք>> տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ին տրամադրելով բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալները: Շտեմարանում 01.07.10թ. դրությամբ հաշվառված է 180898 հաշմանդամ, որից 1-ին խմբի հաշմանդամներ` 1460, 2-րդ խմբի հաշմանդամներ` 95642, 3-րդ խմբի հաշմանդամներ` 62473, ,,հաշմանդամ երեխա,,` 8178:
     Գործակալությունում տարբեր կազմակերպություններից ստացվել են մոտ 179 գրություն, քաղաքացիներից` 104 դիմում-բողոք, որոնց սահմանված կարգով տրվել են պատասխաններ:
     ՀՀ ԲՍՓ գործակալության աշխատակիցները, որպես պատասխանող կողմ հանդես են եկել դատական տարբեր ատյաններում իրականացվող 29 դատավարությունների /2 որոշում փոխվել է հօգուտ հայցվորի, որից 1-ը բեկանվել է վճռաբեկ դատարանի կողմից/:
        Տարվա ընթացքում` բնակչության իրազեկվածությունն ապահովելու նպատակով ԶԼՄ-ներով լուսաբանվել են հաշմանդամության սահմանման չափորոշիչները, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտը կարգավորող օրենքները և իրավական ակտերը: Մասնավորապես, հեռարձակվել է 4 հեռուստաելույթ, տպագրվել` 4 հոդված:
     ՀՀ ԲՍՓ գործակալության աշխատակիցները մասնակցել են ՀՀ ԱՍՀՆ-ում կազմակերպած Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացրած հարցերի քննարկմանը. ,,Թեքեյան կենտրոնում,, հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպած ,,Խնամակալության գործընթացներ,, խորագրով քննարկմանը, ,,Երկիր մեդիա,, հեռուստաալիքի կողմից կազմակերպած շոու քննարկմանը:
     Կազմվել և ,,Պետական վիճակագրական ծառայություն,, են հանձնվել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության մասին տարեկան և 2-րդ կիսամյակի կիսամյակային ամփոփ հաշվետվությունները:
     2009թ. առողջապահական կազմակերպությունների հետ համատեղ անցկացվել են շուրջ 25 սեմինար և խորհրդակցություն, որոնց ընթացքում քննարկվել են չհիմնավորված ուղեգրումը, պարզաբանվել ուղեգրման գործընթացին վերաբերող իրավական նորմատիվ ակտերի պահանջները և այլ խնդիրներ:
     Գործակալությունում կազմակերպվել են ամենամսյա խորհրդակցություններ` տարածքային մարմինների ղեկավարների և գործակալության աշխատակիցների մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել են տարածքային մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիկ գործունեությունը, բժշկասոցիալական փորձաքննության գործակալությում առկա խնդիրները և ոլորտին վերաբերող հարցեր:
     ԲՍՓ գործակալության աշխատանքային խմբերը ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ԲՍՓ կենտրոնին մասնագիտական, իրավաբանական, մեթոդական և գործնական աջակցություն ցուցաբերել նպատակով, համաձայն ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև կնքած միջկառավարական համաձայնագրի, պարբերաբար գործուղվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ ուսումնասիրվել է 485 ԲՍՓ գործ, տրվել` 186 խորհրդատվական եզրակացություն, տրամադրվել 5 մեթոդական ուղեցույց:
     Պարբերաբար թարմացվել է գործակալության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվությունը: Կայքում տեղադրված են ոլորտը կարգավորող իրավական ակտերը, տարեկան գործունեության հաշվետվությունը, ինչպես և ոլորտի վերաբերյալ քաղաքացիների կողմից հաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները:
     Վերջերս սկսել ենք կայքում տեղադրել նաև քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքները,:
     Սույն թվականի փետրվարի 1-ից գործում է ,,թեժ գիծը,,, որով քաղաքացիներին հուզող հարցերին տրվել և տրվում են համապատասխան պարզաբանումներ:
     Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում ներդրվել է ,,mulberry,, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը:

Գործակալության պետ`                             Մ.Վանյան

 


Հայաստանի Հանրապետության ԲՍՓ գործակալության
01.08.10 – 31.08.10թթ ժամանակահատվածում
կատարած աշխատանքների մասին


    ՀՀ ԲՍՓ գործակալության տարածքային մարմինների կողմից հաշվետու ժամանակահատվածում փորձաքննվել է 3134 անձ /առաջնակի` 754, կրկնակի` 2380/, որից հաշմանդամ է ճանաչվել 2977 անձ:
     Գործակալության փորձաքննական բաժնում փորձաքննվել է 149 անձ, որից բողոքարկման կարգով` 15 անձ /փոխվել է մեկ որոշում /, խորհրդատվական կարգով` 111 անձ, հսկողական կարգով` 42 / փոխվել է 23 որոշում /:
     Փորձաքննական բաժնի աշխատակիցները մասնագիտական և փորձաքննական խորհրդատվություն ցուցաբերելու նպատակով, այցելել են Գեղարքունիքի մարզի թիվ 2, Շիրակի մարզի թիվ 1, Տավուշի մարզի և Սյունիքի մարզի թիվ 2 ԲՍՓՀ-ներ, որտեղ փորձաքննել է շուրջ 81 անձ:
     Մեթոդական օգնության և վերլուծական բաժինը տարածքային մարմիններից հավաքագրել և ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն է ներկայացրել հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողների վերաբերյալ տվյալները: Բաժինը հավաքագրել և ՀՀ ԱՍՀՆ կայքում տեղադրել է կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների մեկ ամսվա աշխատանքային գործունեության ցուցանիշները:
     Բաժնի գլխավոր մասնագետները, ստեղծված աշխատանքային խմբի կազմում, մասնագիտական և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով այցելել են Երևանի թիվ 6 ԲՍՓՀ:
     Թեժ գծով 10 քաղաքացի ստացել է պարզաբանում հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
     Վերականգնողական ծրագրերի բաժնի կողմից վեց հաշմանդամ դիմորդի տրվել է հաշմանդամի ԲՈՒՀ-ում ու նույնքան էլ` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորելու և տվյալ մասնագիտությամբ հետագա աշխատանքը հակացուցված չլինելու մասին եզրակացություն /երաշխավորագիր/: Բաժնի գլխավոր մասնագետները ևս, ստեղծված աշխատանքային խմբի կազմում մասնագիտական և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով այցելել են Երևանի թիվ 6 ԲՍՓՀ:
     Գործակալության ամենամսյա խորհրդակցության ժամանակ լսվել է տարածքային մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին տեղեկատվություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
     Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է կլոր սեղան <<Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը Հայաստանի Հանրապետությունում>> թեմայով, որին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ԲՍՓ գործակալության և հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող շուրջ 42 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
     ՀՀ ԲՍՓ գործակալության 21 աշխատակից մասնակցել է Նորք տեղեկատվավերլուծական ՓԲԸ կողմից կազմակերպած հաշմանդամների հաշվառման <<Փյունիկ>> ինտերնետային համակարգով աշխատելու դասընթացներին:
     Գործակալությունում տարբեր կազմակերպություններից ստացվել են 38 գրություն, քաղաքացիներից` 16 դիմում-բողոք, կատարվել է 2 քաղաքացու ընդունելություն, տրամադրվել է խորհրդատվություն և տրվել են պարզաբանումներ ԲՍՓ ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ:
         


Գործակալության պետ`                             Մ.Վանյան



2010թ. երկրորդ եռամսյակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և
ՀՀ ԲՍՓ գործակալություն ստացված ոլորտին վերաբերվող թվով 58 դիմում-բողոքների վերլուծություն

Սույն թվականի ապրիլ ամսից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ ԲՍՓ գործակալություն ստացված ոլորտին վերաբերվող թվով 58 դիմում-բողոքների ուսումնասիրման արդյունքում վեր հանվեցին ու խմբավորվեցին այն հիմնական խնդիրներն ու հարցերը, որոնց անդրադարձել են քաղաքացիներն իրենց դիմում-բողոքներում:

Բարձրացված հարցերն հիմնականում բաժանվում են հետևյալ խմբերի`

1 - Վերափորձաքննության արդյունքում հաշմանդամության խմբի իջեցում– 46,6% /27 դիմում/
,,2009թ. հանձնաժողովի որոշմամբ որդիս ճանաչվել է 2-րդ խմբի հաշմանդամ,… 2010թ. որոշմամբ` 3-րդ խմբի հաշմանդամ, ինչի հետևանքով էապես կրճատվել է նրա հասանելիք թոշակի չափը,,:
Համաձայն <<Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի պահանջների` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն անձին հաշմանդամ է ճանաչում սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից։
Այսինքն` հաճախ առկա հիվանդությունների դրական դինամիկան, իրականացված բուժական և վերականգնողական միջոցառումների արդյունավետությունը բերում են հաշմանդամություն առաջացնող ֆունկցիայի խանգարման փոխհատուցման կամ իսպառ վերացման, ինչն էլ հիմք է հանդիսանում անձին հաշմանդամության այլ /ավելի ցածր/ խումբ սահմանելու կամ հաշմանդամ չճանաչելու համար:

2 - Փորձաքննության արդյունքում հաշմանդամություն չի սահմանվել –-8,6% /5դիմում/
,,… մերժում եմ ստացել: Ինչ՞ու-որևովհետև հաշվի չեն առնում…առողջական վիճակ, սոցիալապես անապահով, ամուսինը մահացած, կողմնակի ոչ մի եկամուտ և դրան գումարած ներկայիս բավականին դժվարին վիճակս,,
Համաձայն ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի պահանջների` անձին հաշմանդամ ճանաչելու և մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու համար հիմք են հանդիսանում հիվանդությունների, վնասվածքների կամ արատների հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումները, որոնք առաջացրել են սոցիալական անբավարարություն և սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:
Այսինքն` առկա հիվանդությունը, վնասվածքը կամ արատը առավել ևս սոցիալական ծանր վիճակը չեն կարող հիմք հանդիսանալ հաշմանդամության սահմանման համար: Հաշմանդամության սահմանման համար հիմք են հանդիսանում հիվանդության, վնասվածքի կամ արատի հետևանքով առաջացած կենսագործունեության սահմանափակումները, որոնք բերում են սոցիալական անբավարարություն և սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:

3 - Բուժող բժշկի կամ այլ մասնագետի ցուցումը կամ կարծիքը անձին հաշմանդամ ճանաչելու կամ հաշմանդամության որևէ խումբ սահմանելու մասին - 6,9% /4 դիմում/
,,ինձ բուժող բժիշկները գտնում են, որ նման վնասվածքը հիմք է հանդիսանում հաշմանդամության սահմանման համար, քանի որ սահմանափակված են իմ կենսագործունեությունն ապահովող հիմնական կարողությունները…,,
Համաձայն ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի պահանջների` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքային ստորաբաժանումները` փորձաքննական բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին և տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ /ԲՍՓՀ-ներ/:
Այսինքն` նշված մարմիններից բացի ոչ ոք իրավասու չէ անձին հաշմանդամ ճանաչելու` ,,հաշմանդամ երեխա՚,, կարգավիճակ և հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու և հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի երկարացման թույլտվություն տալու: Սակայն անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող են բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում` որպես խորհրդատու ներգրավել համապատասխան մասնագետի /հիմք ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետ/

4 - Անձը չի կարող ներկայանալ փորձաքննության իրականացման վայր -1,7% /1-դիմում/
,,…բժշկասոցիալական փորձաքննության նպատակով...իմ տղան հնարավորություն չլինելու պատճառով չի կարողանում ներկայանալ /գումար կամ ֆինանս/ ներկա պահին մեր վիճակը շատ վատ է և …հաշվի առնելով մեր վատ ապրելակերպը, խնդրում ենք մեզ այս հարցում օգնեք…,,
Համաձայն ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի պահանջների` եթե անձը, ելնելով առողջական վիճակից չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր և դրա մասին նշել է դիմումում, ապա հանձնաճողովը բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում:
Այսինքն` հանձնաճողովը բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում միայն անձի առողջական վիճակից ելնելով և եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը այդ մասին նշել է դիմումում, ներկայացնելով տնային կամ հիվանդանոցային փրձաքննություն իրականացնելու հիմքեր:

5 - ,,Հաշմանդամ երեխա,, կարգավիճակից հետո հաշմանդամության խումբ սահմանելը - 5,2% /3 դիմում/
,,Ալիկը մանկուց եղել է հաշմանդամ…հետո սահմանել են հաշմանդամության 3-րդ կարգ, հիմա նորից ինքը բուժվում է… մեկ տարի է ես ձեզանից այն եմ խնդրում, որ դուք քցեք 2-րդ կարգ,,
Համաձայն ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջների` հաշմանդամ ճանաչված 18 տարին լրացած անձին տրվում է հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ, իսկ մինչև 18 տարեկան երեխաներինª ,,հաշմանդամ երեխա,, կարգավիճակ, իսկ համաձայն ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշման 29 կետի պահանջների`,,հաշմանդամ երեխա,, կարգավիճակը տրվում է ցանկացած տեսակի և արտահայտվածության աստիճանի կենսագործունեության սահմանափակման առկայության դեպքում:
Այսինքն, եթե հաշմանդամության համապատասխան խումբ տրվում է, օրենքով սահմանված տեսակի և աստիճանի կենսագործունեության սահմանափակման առկայության դեպքում, ապա ,,հաշմանդամ երեխա,, կարգավիճակ տրվում է ցանկացած տեսակի և արտահայտվածության աստիճանի կենսագործունեության սահմանափակման առկայության դեպքում, ուստի թոշակի ստացման չափը բխում է հաշմանդամության սահմանված խմբից և հիմք չի հանդիսանում 18 տարին լրացած անձին հաշմանդամության որևէ խումբ սահմանելու համար:

6- Հաշմանդամության խմբի ճիշտ սահմանման վերաբերյալ – 6,9% /4դիմում/
,,…խաբեցին թե վիճակս լավ է և տվեցին 2-րդ կարգի փոխարեն 3-րդ կարգ,,
Համաձայն ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշման պահանջների` հաշմանդամության 1-ին խմբի որոշման չափանիշը կենսագործունեության որևէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է /բացի հաղորդակցվելու և ուսումնառության կարողությունից/, հաշմանդամության 2-րդ խմբի որոշման չափանիշը կենսագործունեության որևէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է /ուսումնառության 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են հաշմանդամության 2-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակման զուգակցման դեպքում՝ բացառությամբ սովորողների, որոնց մոտ ուսումնառության միայն 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են պայմանավորել հաշմանդամության 2-րդ խմբի որոշման անհրաժեշտությունը/, հաշմանդամության 3-րդ խմբի որոշման չափանիշը կենսագործունեության որևէ տեսակներից մեկի 1-ին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է /հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում/:
Այսինքն` հաշմանդամության խմբերի սահմանումը ԲՍՓՀ-ի կողմից կամայական բնույթ չունի, այն կարգավորվում է օրենքով և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան:

7 - Փորձաքննության նպատակով անձը տարածքային մարմին չի դիմել, սակայն բողոքում է, որ հաշմանդամ չի ճանաչվել - 10,3% / 6 դիմում/
,,…ունեմ վատ առողջություն, չեմ կարողանում կարգ հանել, խնդրում եմ աջակցել ինձ կարգ հանելու համար,,
Համաձայն ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի պահանջների` անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հանձնաժողովի նախագահին ներկայացված` անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը:
Այսինքն` անձին հաշմանդամ ճանաչելու գործընթացը սկսվում է անձի կողմից համապատասխան տարածքային մարմին ներկայացված դիմումի համաձայն և ոչ թե համապատասխան հետազոտությունների ենթարկվելուց կամ հիվանդի կարգավիճակ ստանալուց: Ինչ վերաբերվում է ,,կարգ հանել,, արտահայտությանը, որը հաճախ է հանդիպում դիմում-բողոքներում, ապա պետք է նշել, որ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձին նախ ճանաչում են հաշմանդամ, հետ սահմանում համապատասխան հաշմանդամության խումբ, այլ ոչ թէ տալիս հաշմանդամության կարգ:

8 - Շնորհակալություն բարեխիղճ աշխատանքի վերաբերյալ - 1,7% /1 դիմում/
,,թույլ տվեք իմ ջերմ ու գովեստի խոսքերն ասել մանկական մասնագիտացված ԲՍՓՀ-ի անդամներին իրենց մարդկային և ազնիվ մոտեցումների համար,,

9 - Անձը վարչական դատարան դիմելուց հետո վերափորձաքննության նպատակով կրկին դիմել է տարածքային մարմին - 1,8 % /1 դիմում/  
,,խնդրում եմ Ձեզ հաշվի առնելով նշված փաստարկները միջոցներ ձեռնարկել իմ իրավունքների ամեն մի խախտում վերացնելու օրենքով սահմանված կարգով ինձ հաշմանդամության խումբ տալու համար,,
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի ,,գ,, կետի պահանջների` վարչական վարույթը կարճվում է, եթե` գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ:
Այսինքն, եթե աձը դիմել է ՀՀ վարչական դատարան և վարչական դատարանը հայցն ընդդեմ ՀՀ ԲՍՓ գործակալության մերժել է, ուստի նա չի կարող նորից վերադասության կարգով բողոք ներկայացնել և կրկին անգամ ենթարկվել վերափորձաքննության:

10 - Հաշմանդամության առաջացման պատճառը ընդհանուր հիվանդությամբ սահմանելը - 1,7 % /2 դիմում/
,,2003թ ինձ հատկացվել է ազատամարտիկի 2-րդ կարգի հաշմանդամության կենսաթոշակ` 54000դր,…2008թ. զրկվեցի հաշմանդամության կենսաթոշակից, տեղ գտնելով …բազային 8000դր հատկացվող կենսաթոշակառուների շարքերում,,
Համաձայն ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պահանջների` երբ բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն պատճառական կապը հաստատող փաստեր կամ բացակայում են հաշմանդամության առաջացման պատճառի մասին տվյալներ, հաշմանդամության առաջացման պատճառը սահմանվում է ընդհանուր հիվանդությամբ:
Այսինքն` ազատամարտիկի հաշմանդամության պատճառական կապը կարող է սահմանվել ընդհանուր հիվանդությամբ, եթե մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումը կամ հիվանդությունը որևէ տեսակի կամ աստիճանի կենսագործունեության սահմանափակման և հաշմանդամության չի բերել և եթե այլ պատճառական կապի սահմանման համար ներկայացված բժշկական հիմքեր չկան:

11- Մահվան պատճառական կապ սահմանելը - 3,4% /2 դիմում/
,,ամուսինս` Անատոլի Գրիգորյանը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, վիրավորվել է, դարձել 2-րդ խմբի հաշմանդամ…վերքերին չդիմանալով մահացել, սակայն մահվան պատճառական կապը հաստատել են ոչ թե 1994թ. ստացած վերքերից, այլ սովորական մահ,,
Համաձայն ՀՀ կառավարության 23.09.04թ. թիվ 1456-Ն որոշման 2-րդ կետի պահանջների` մահվան պատճառական կապը սահմանվում է, երբ մահվան պատճառ են հանդիսացել արտադրական խեղումը, մասնագիտական հիվանդությունը, ռազմաճակատում գտնվելու կամ զինվորական ծառայության ժամանակ տարած հիվանդությունը, կրած վնասվածքը, խեղումը կամ դրանց անմիջական բարդությունը, խորացումը: Մահացածի ընտանիքի չափահաս անդամը կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, անկախ ժամանակաշրջանից, մահվան պատճառական կապը սահմանելու համար բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կամ
զինվորական կոմիսարիատի կողմից տրված ուղեգիր, որտեղ նշվում է ուղեգրման
նպատակը,
գ) մահվան վկայական,
դ) տարած հիվանդությունների, կրած վնասվածքների եւ խեղումների փաստը
հավաստող կամ ռազմաբժշկական փաստաթղթերից մեկը;
Այսինքն` մահվան պատճառական կապը սահմանվում է միմիայն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալների հիման վրա, ոչ թէ ցանկությամբ կամ կամայամանորեն:

12 - ԲՍՓՀ-ներին անվստահություն հայտնելը -1,7% /1 դիմում/
,,քանի որ չեմ վստահում Երևանի թիվ 4 հանձնաժողովին, խնդրում եմ Ձեր հանձնարարականը ԲՍՓ գործակալության հանձնաժողովի կողմից փորձաքննվելու համար..
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջների` վարչական վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացարկ հայտնել վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս` կոլեգիալ կազմի ցանկացած անդամի: Բացարկի ընդունման դեպքում վարչական վարույթն իրականացնում է փոխարինելու լիազորություն ունեցող պաշտոնատար այլ անձ:
Այսինքն` անձը կարող է բացարկ հայտնել իր փորձաքննությունը կամ վերափորձաքննությունն իրականացնող ԲՍՓՀ-ի նախագահին կամ անդամներից որևէ մեկին և ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի հանձնարարությամբ փորձաքննվել կամ վերափորձաքննվել մեկ այլ ԲՍՓՀ-ում;

13 – Վարչական վարույթի կասեցումը, եթե անձը չի ներկայացել բժշկասոցիալական փորձաքննության – 1,7% /1 դիմում/
,,այս գործի վարույթը չի կարող կասեցվել, քանի որ դեռ մենք գտնվում ենք Ձեր նշված 6-ամսյա բողոքարկման ժամկետում,,
Համաձայն ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պահանջների` եթե փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին պատշաճ ձևով իրազեկված անձը չի ներկայացել փորձաքննության, և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին չի ներկայացվել տնային կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր, ապա վարչական վարույթը կարող է կասեցվել մինչև 60 օր ժամկետով:
Այսինքն` եթե անձը չի ներկայացել փորձաքննության, ապա բողոքարկման փաստը հիմք չի հանդիսանում կասեցման ժամկետների երկարացման համար, և 6 ամսյա ժամկետը վերաբերվում է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի պահանջներին, ըստ որի քաղաքացին կարող է վարչական բողոք ներկայացնել վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսյա ժամկետում:

14 - Հաշմանդամության խումբ անժամկետ սահմանելը – 1,7% /1 դիմում/
,,2008թ. փետրվարից բժշկական հանձնաժողովը որոշեց սահմանել հաշմանդամության 2-րդ խումբ: 2008թ. ամեն տարի բժշկական փորձաքննություն է անցնում: Ինչու ցմահ չեն որոշում թոշակը:,,
Համաձայն ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշման 31 կետի պահանջների` հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց.
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետևանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման.
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (կարող է սահմանվել առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում).
դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:
Այսինքն նշված կետերից բացի մնացած բոլոր դեպքերում հաշմանդամության խումբ սահմանվում է համաձայն ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշման 31 կետի պահանջներին` 1-ին խմբի հաշմանդամությունը` երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ ,,հաշմանդամ երեխա,, կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:

15 - ԲՍՓՀ գործակալության իրավասությունների սահմաններից դուրս հարցեր 3,4% /2դիմում/

ՈՒսումնասիրությունը ցույց է տալիս, որ քաղաքացիների դիմում-բողոքների գերակշիռ մասը վերաբերվում են վերափորձաքննության արդյունքում հաշմանդամության խմբի իջեցման` 45,1%, փորձաքննության նպատակով անձը տարածքային մարմին չի դիմել, սակայն բողոքում է, որ հաշմանդամ չի ճանաչվել 10,9% և փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչվելու խնդրին` 9,0%: Դրանք առավելապես ոչ թե դիմում-բողոքի, այլ դիմում-խնդրանքի միտում ունեն, որով քաղաքացին ձգտում է լուծել իր սոցիալական ծանր վիճակի, իր ապրելու խնդիրը` հիմք ընդունելով ապրելու ծանր պայմաններն, աշխատանք չունենալու և ընտանիքի ծանրաբեռնվածության խնդիրը:
Դիմում-բողոքների մնացած մասը պայմանավորված է մեր քաղաքացիների ԲՍՓ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը իրազեկ չլինելու և ԲՍՓՀ-ների գործունեության վերաբերյալ անհիմն և ոչ ճիշտ տեղեկացվածության հետ:

Մեթոդական օգնության և վերլուծական բաժին